Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 26-ամյա Էրիկ Կիրակոսյանը անելանելի դրության մեջ է։ Հիվանդանոցը նրանից պահանջում է մոր վիրահատության գումարը, որը նա չի կարող վճարել։
«Նոր Նորքի սրտաբանականում ինձ ասացին, որ մորս շտապ սրտի վիրահատություն է պետք կատարել: Հարցրին՝ գումար ունե՞մ, կարո՞ղ եմ վճարել վիրահատության համար: Ասացի՝ այո, մենակ թե դուք արեք վիրահատությունը, ես կվճարեմ»,- NEWS.am–ի հետ զրույցում պատմում է Էրիկը, որի մորը մոտ երկու ամիս առաջ շտապ տեղափոխել են Երևան։
Վիրահատությունը կատարել են, ամեն ինչ բարեհաջող է անցել, վիրահատությունից հետո սակայն, պարզվել է, որ երիտասարդը չի կարող վճարել. գումար չունի:
«Փող չունեի, ստել եմ, որ մորս արագ վիրահատեն: Եթե չստեի, եթե մորս այդ երեկո չվիրահատեին, մայրս գիշերը չէր լուսացնի: Մորս կյանքը փրկելու համար եմ ստել»,- ասում է Էրիկը:
Վիրահատության արժեքը կազմել է 3 մլն 900 հզր դրամ: Հարազատների ու բարեկամների աջակցությամբ հաջողվել է հավաքել ու հիվանդանոցին վճարել 1.250.000 դրամը:
Էրիկի մորը մեկ շաբաթ առաջ դուրս են գրել հիվանդանոցից: Բուժհաստատության տնօրենը երիտասարդին մի քանի օր ժամանակ է տվել` մնացած գումարը բերելու համար։
«Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ ինձ 4-5 օր օր ժամանակ է տալիս՝ ֆինանսական հարցերը լուծելու համար:Այդ ժամկետը արդեն լրացել է, երկուշաբթի ստիպված եմ նորից գնալ Երևան, գումար, սակայն, դեռ չեմ կարողանում ճարել»,- նշում է Էրիկը:
Աջակցության խնդրանքով երիտասարդը դիմել է տարբեր գործարարների, ԱԺ պատգամավորների, Լոռու մարզպետին: Դրական պատասխան, սակայն, մինչեւ օրս չի ստացել: Էրիկը, սակայն, չի վհատվում: Հաջորդ ուրբաթ նա պատրաստվում է հերթագրվել Առողջապահության նախարարությունում՝ նախարարի մոտ մտնելու ու վիրահատության վճարը զեղչելու խնդրանքով:
Էրիկն ասում է, որ մի քանի ամիս առաջ քաղցկեղով հիվանդ հորը կոցնելուց հետո չէր կարող վտանգել մոր կյանքը: Դպրոցում աշխարհագրություն դասավանդող երիտասարդի աշխատավարձը 35.000-40.000 դրամ է: Մոտ 60.000 դրամ էլ կազմում է իր՝ հաշմանդամության կարգի համար տրվող և ծեր տատի կենսաթոշակը: Երեք անձից կազմված ընտանիքի եկամուտը, փաստորեն, չի անցնում 100.000 դրամը, որը հազիվ է բավարարում նվազագույն կարիքները հոգալուն։





























