Հայաստանում անհրաժեշտ է վերազինել գործող անասնաբուժական լաբորատորիաները, նաեւ համարակալել կենդանիներին: Այս մասին, հոկտեմբերի 26-ին, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության եւ առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին համապատասխանեցնելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանում հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման, ախտորոշման եւ արձագանքման համակարգերի հզորացմանը:
Գործակալության աջակցությամբ արդեն ավարտվել է «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը եւ հսկողությունը Հայաստանում` ԱՄ-3» ծրագիրը, եւ ներկայումս ընթացքի մեջ է «Արեւելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի եւ համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման եւ կանխարգելման նպատակով` ուսուցման տրամադրում, մեթոդների եւ ռազմավարությունների իրականացում` TAP-A1» ծրագիրը:
Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ենթատեքստում նախարարը մասնավորապես ընդգծել է կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիայի կառուցման դերն ու նշանակությունը մեր երկրի համար:
Նախարարի խոսքով` միաժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարզերում գործող անասնաբուժական լաբորատորիաների վերազինման համար, քանի որ առանց ժամանակակից սարքավորումների անհնար է իրականացնել ճշգրիտ ախտորոշիչ աշխատանքներ:
Նախարար Սերգո Կարապետյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է նաեւ երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման անհրաժեշտությանը, առանց որի անասնաբուժական ծառայությունները լիարժեքորեն չեն կարող մատուցվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ DTRA գործակալության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա համագործակցության հեռանկարները:





























