Ներկայիս իշխանություններն անում են հնարավորը՝ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 16 տարի առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

«Եթե բացահայտելու հնարավորություն լինի, Սերժ Սարգսյանն ինքն անձամբ կբացահայտի: Կան մարդիկ, որոնք կասկածում են, որ կարող է՝ Սերժ Սարգսյանն է մեղավոր: Անձամբ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Նրա միակ մեղավորությունն այն է, որ ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ այս տարիներին ոճրագործությունը չի բացահայտվել, քանի որ իրավապահ մարմինները բավարար կամք չեն ունեցել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն ունի կասկածներ, որոնցով դժվար է ապրել արդեն 16 տարի: Հարցին, թե ով է իրականում կազմակերպել այդ ոճրագործությունը, Վազգեն Սարգսյանի եղբայրն արձագանքեց, որ անհատ չի կազմակերպել այն. «Չկար մի անհատ, որ կարողանար Վազգենի վրա ձեռք բարձրացնել, ոչ մեկի քաշն էդքան չէր հերիքի: Այլ հարց է, որ կարողացան խանգարել բացահայտմանը, իմ կարծիքով՝ պատվերը դրսից է գալիս, ոչ թե ներսից»:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: