Անկախ քննադատների վրա Ադրբեջանի կառավարության հարձակումները նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հատկապես ավերիչ էֆեկտ ունեն։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանտոսը։ Նրա խոսքով՝ ընտրությունների նախաշեմին քննադատների անկախ ձայները շատ կարեւոր են քննարկումների համար, եւ Ադրբեջանի քաղաքացիները հատկապես շատ կտուժեն կառավարության պարտադրած լռությունից։ Անար Մամադլին, Խադիջա Իսմաիլովան, Ինթիգամ Ալիեւը, Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսը, քաղբանտարկյալների ցուցակը կարելի է անվերջ շարունակել։

«Ես Ադրբեջանի ղեկավարներին կոչ եմ անում համագործակցել քաղաքացիների եւ միջազգային հասարակության հետ՝ բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով, որն ուղղված է  երկրում մարդու իրավունքների ապահովմանն ու օրենքի գերակայությանը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը։

Իզաբել Սանտոսը հաստատել է այդ հարցերում Ադրբեջանի իշխանությունների հետ կառուցողական համագործակցության պատրաստակամությունը եւ հույս է հայտնել, որ կառավարությունը կկատարի իր պարտավորություններն ու կազմակերպությանը թույլ կտա հետագայում ընտրությունների ժամանակ ամբողջական, չսահմանափակված առաքելություն իրականացնել։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ն չեղյալ էր հայտարարել նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված էր Բաքվի պարտադրած սահմանափակումներից հետո չեղարկել իր առաքելությունը։