Տարեսկզբից Միջերկրական ծովով 704 227 ներգաղթյալ եւ փախստական է եկել Եվրոպա: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:    

Ամենից շատ միգրանտ ու փախստական ընդունել է Հունաստանը՝  560 683 մարդ: Իտալիա է եկել 139 594 մարդ: ՄՄԿ-ի տվյալներով, հոկտեմբերի  20-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվն ավելացել է գրեթե  64 հազարով: Տարեսկզբից 3257 մարդ է զոհվել ծովում՝ փորձելով Եվրոպա հասնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Ինչպես Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՄՄԿ-ի ներկայացուցիչ Ջոել Միլմանը, հոկտեմբերի 1-ից Իտալիա է եկել   7523 միգրանտ եւ փախստական, ինչը երկու անգամ պակաս է, քան անցյալ տարվա հոկտեմբերի համանման ցուցանիշը: «Այս նվազումը զգալիորեն կապված է նրա հետ, որ սիրիացիներն այժմ Եվրոպա են գալիս Հունաստանի տարածքով», - նշել է նա:

Հոկտեմբերին Թուրքիայից Հունաստան է եկել մոտ 160 հազար մարդ, հատկապես՝ Լոբոս կղզի (99 հազար): Բացի այդ, Խիոս կղզին մոտ 22 հազար մարդ է ընդունել, իսկ Սամոսը՝ 21,5 հազար:

Հունաստանում սեպտեմբերին ապաստանի տրամադրման 1153 խնդրանք է ներկայացվել, չնայած ժամանած միգրանտների եւ փախստականների թիվն այդ ամսվա ընթացքում գերազանցել է  150 հազարը:

Անցյալ շաբաթ Մակեդոնիայի հետ Հունաստանի սահմանը հատել է մոտ  42 հազար  950 մարդ: