ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակոցներն անթույլատրելի են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Մարտակերտ-Թարթառ ճանապարհահտվածում ԵԱՀԿ հերթական դիտարկմանը, որին մասնակցել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները:
«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է»,-գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:
Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:






























