ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ակնկալիքով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ հոկտեմբերի 27-ից նստացույց սկսած «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները գիշերը Բաղրամյան պողոտայում հանգիստ են անցկացրել, միջադեպեր չեն եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
«Առանց միջադեպի է անցել, այստեղ 4-5 հոգի է մնացել գիշերը, ամեն ինչ նորմալ է: Մնալու ենք մինչեւ վաղը ժամը 18:00-ը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում են Ազգային ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ:





























