Արագածոտնի մարզում օգոստոսին կնոջը դանակահարելով սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Գ.-ի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Գ.-ն օգոստոսի 25-ին ժամը 22:00-ի սահմաններում իր բնակարանում, խոհանոցային դանակով ապօրինաբար իր կին Գ. Գրիգորյանին կյանքից զրկելու` սպանելու նպատակով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով նրան մահ:

Գեւորգ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում 2015թ. օգոստոսի 25-ին գյուղի բնակիչ 55-ամյա Գեւորգ Գ.-ն դանակով հարվածել եւ սպանել է 52-ամյա կնոջը՝ Գ. Գրիգորյանին: