«Նա դարձյալ այստեղ է» (Er ist wieder da) կինոկատակերգությունը, որը պատմում է ժամանակակից աշխարհում Հիտլերի արկածների մասին, Գերմանիայի կինովարձույթում առաջատար է դարձել: Ֆիլմը կարողացել է վարկանիշային աղյուսակի առաջին տեղը գրավել՝ դուրս մղելով Pixar-ի «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը, տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Կինոժապավենը, որը նկարահանվել է «Բորատայի» ոճում, արդեն երեք շաբաթ է, ինչ ցուցադրվում է գերմանական կինոթատրոններում. Դրա թողարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ըստ սյուժեի, ֆյուրերը հարություն է առնում Բեռլինի լքված ամայուտներից մեկում: Աշխարհը բռնապետին հանճարեղ դերասանի տեղ է դնում, նա համացանցում ժողովրդականություն է ձեռք բերում եւ ի վերջո գերաստղի կարգավիճակի է արժանանում:
«Գերմանացիները պիտի կարողանան ծիծաղել Հիտլերի վրա, ոչ թե նրան դիտարկեն որպես հրեշի, որովհետեւ դա նրան ազատում է իր արարքների համար պատասխանատվությունից եւ շեղում է ուշադրությունը Հոլոքոստի համար նրա մեղքից: Բայց դա ծիծաղի այնպիսի տեսակ պիտի լինի, որը կոկորդում է մնում», — մեկնաբանել է ռեժիսոր Դավիդ Վնենդտը:
Ֆիլմը հիմնված է գերմանացի գրող Թիմուր Վերմեսի համանուն գրքի վրա, որը հրապարակվել է 2012-ին եւ Գերմանիայում տարածվել է ավելի քան 14 միլիոն օրինակով: 2015-ի մարտին գիրքը լույս է տեսել անգլերենով:





























