Ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրը  գործազրկությունն է,  որին հետեւում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%): Նման տվյալներ են ստացվել ԿԳՆ պատվերով իրականացված  «ՀՀ ուսանողների կենսաոճի եւ  Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքներով:

Հետազոտական աշխատանքն իրականացրած   IPSC ընկերության  վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության եւ անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության եւ անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:

Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:

Հետազոտությունն իրականացվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվերով՝  IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիսին:

Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երեւանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):