Գերմանիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակահատվածում լրացուցիչ ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտությանը լուծում գտնելու համար, ամեն դեպքում դա մեկ տարվա գործ չէ, բայց կարծում եմ, որ ինչ-որ գործնական հաջողություններ մենք կարելի է գրանցել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն՝ անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։ Նշենք, որ պաշտոնյան տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան։ Իսկ նախքան այդ նա հանդիպումներ էր անցկացրել Բաքվում եւ Թբիլիսիում։
«Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ վերջին միջադեպերից, միայն կարող եմ ասել, որ մենք վերջին ամիսներին եւ շաբաթներին ականատես ենք դարձել լարվածության աճին։ Մեր տեղեկություններով՝ 2 կողմից էլ հրադադարի խախտման դեպքեր են եղել։ Բոլորը կողմերն էլ պատասխանատու են լարվածության թուլացման եւ էսկալացիայի կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար։ Գերմանիայի համար այդ հարցը կարեւոր է ոչ միայն որպես ԵԱՀԿ ՄԽ անդամի, այլ նաեւ որպես պետության, որը 2016թ. հունվարից ստանձնելու է ԵԱՀԿ-ում նախագահությունը։ Այդ պատճառով մենք պատասխանատվություն ենք զգում մեր լուման ներդնել հետագա էսկալացիայի կանխման գործում։ Մենք հակամարտությունը քննարկել ենք ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում։ Դա շատ բարդ խնդիր է, որի լուծումը շատ կարեւոր է բոլորի համար, սակայն առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ցավալի է, որ այն խոչընդոտում է երկու կողմերի զարգացման ներուժին։ Մենք կողմերին կոչ ենք անում վստահության մթնոլորտ ստեղծելու ջանքեր գործադրել եւ խուսափել լարումից։ Գերմանիան իր նախագահության ժամանակահատվածում լրացուցիչ ջանքեր կգործադրի հակամարտությանը լուծում գտնելու համար, ամեն դեպքում դա մեկ տարվա գործ չէ, բայց կարծում եմ, որ ինչ-որ գործնական հաջողություններ մենք կարող ենք գրանցել»,- նշել է պաշտոնյան։





























