Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, թե Ազատության պողոտայում ծառերը կտրվել են իրենց թույլտվությամբ, չոր ու վթարավտանգ բարդիները փոխարինվում են  նորատունկերով։

Քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր եւ տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երեւանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած պահի կարող էին շրջվել մեքենաների կամ անցորդների վրա,  ինչն էլ անդառնալի հետեւանքներ  կունենար:

Բարդիների կենսունակությունն, ըստ մասնագետների, 45-50 տարի է, հետեւաբար հատված  բարդիների թուլացած արմատային համակարգը եւս կարող էր այս ծառերի շրջվելու պատճառ հանդիսանալ, անգամ աննշան քամու դեպքում կամ էլ նույնիսկ առանց կողմնակի ազդեցության:

Փոխարենը նույն հատվածում հատուկ փորող մեքենասարքավորման միջոցով հենց կտրված ծառերի մեջ փորվել են ծառափոսեր, որտեղ էլ տեղադրվում են նոր տնկիները: Փորվածքներն այնքան են, որ հետագայում նոր տնկված բարդիների արմատները տարածվելու առումով որեւէ խոչընդոտ չունենան: Բարդի տեսակի եւս 4 ծառ տնկվել է հատված բարդիներին հարակից բնաբաժակներում: