ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում 4 անձի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 25-ին եւ լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գեւորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը եւ Վլ.Գեւորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։
Ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի քանի անձ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, սպանելու դիտավորությամբ մուտք են գործել Երեւան քաղաքի Մ.Խորենացու փողոցի վրա գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակներից մեկը եւ իրենց մոտ ապօրինի պահվող զենքերից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակել՝ հրազենային վնասվածքներ պատճառելով այդ պահին գրասենյակում գտնվող Վահագն Գեւորգյանին, Արման Սրապիոնյանին, Վլադիմիր Գեւորգյանին եւ Արման Ավագյանին։
Կրակոցների հետեւանքով՝ Վահագն Գեւորգյանին պատճառվել է որովայնի միջանցիկ վնասվածք՝ լյարդի պատռվածքով, Արման Սրապիոնյանին՝ ձախ ոտնաթաթի, Վլադիմիր Գեւորգյանին՝ աջ ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների եւ Արման Ավագյանին՝ աջ ազդրի նստաներվի վնասման ձեւով։
Տուժողների դիմադրության արդյունքում նշված անձինք դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել է զինված նշված բուքմեյքերական գրասենյակ մուտք գործած անձանցից 2-ի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ 2 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու եւ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ։




























