Ավելի քան 800 հազար մարդ այս տարի Եվրոպայի երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել, ինչը կրկնակի գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին գրում է Times թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը։
«Այս տարի Եվրոպայի 38 երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների ընդհանուր թիվը տատանվում է ամսական 60-ից 115 հազարի սահմաններում։ Անցյալ տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել 397 հազար մարդ։ Այս տարի այդ նույն ժամանակահատվածում ներկայացված դիմումների քանակը կազմել է 834 հազար»,- հայտնել են ՄԱԿ՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմողների մեծ մասը Սիրիայի, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիներ են։ Մեծ թիվ են կազմում նաեւ Ալբանիայից ժամանած աշխատանքային միգրանտները։





























