Էստոնիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գնդապետ Յակ Տարիենը հոկտեմբերի 28-ին սոցիալական ցանցում գրել է, որ ինքն ամաչում է այն էստոնացիների համար, որոնք վատ են վերաբերվում ՆԱՏՕ-ի սեւամորթ մարտիկներին: «Այսօր ես ստիպված էի ամոթից կարմրել մեր հայրենակիցների վարքի պատճառով»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Տարիենը պարզաբանել է, որ եղել է Տապայում եւ հետեւել ԱՄՆ-ից Էստոնիա ժամանած էսկադրիլիայի վարժանքներին: Նա իր գործընկերներին հարցրել է, թե ինչպես են զգում իրենց 300 ամերիկացի զինծառայողները, հաղորդում է Informing-ը:
Ի պատասխան նրանք ասել են, որ իրենց դուր է գալիս երկիրը, մաքուր փողոցները, էստոնացիները, որոնք հպարտ են իրենց երկրով, սակայն անհասկանալի է, թե ինչու են հյուրերին վատ ընդունում քաղաքում, եթե իրենք դաշնակիցներ են: Երբ հրամանատարը փորձել է պարզել, թե որն է խնդիրը, պարզվել է, որ սեւամորթ զինվորներին քաղաքում վիրավորում են:
Յակ Տարիենը նշել է, որ սեւամորթ զինվորների հետեւից գոռալով՝ «Չքվեք ձեր Նիգերիան», էստոնացիները վիրավորում են մարդկանց, որոնք պաշտպանում են իրենց երկրի անկախությունը, իսկ անհրաժեշտության դեպքում այդ մարդիկ պատրաստ են պետության ազատության համար տալ նաեւ իրենց կյանքը:
«Իսկ դուք, պաշտպաններ, պատրա՞ստ եք ձեր կյանքը տալ հանուն պետության»,-հարց է ուղղել իր հայրենակիցներին Տարիենը:
Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորականները Էմարի ռազմակայան են ժամանել այս տարվա օգոստոսին: Այստեղ նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում էստոնացի զինվորականների հետ:





























