Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը մարտավարական տարաձայնություններ ունի «Ոչ»-ի ճակատի մյուս ուժերի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս պահին կապի մեջ ենք ՀԱԿ-ի եւ «Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի հետ: Հույս ունեմ՝ համագործակցության օղակը կընդլայնվի եւ ավելի կամրանա, քանի որ այս ռեժիմի դեմ պայքարում մենք միասնական ենք: Այս օրերին մեր միջեւ հանդիպումները շարունակվում են, մենք պիտի փորձենք ընդհանուր հայտարարի գալ մինչեւ դեկտեմբերի 1-ը»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, նրանք կմասնակցեն դեկտեմբերի 1-ին իրենց հրավիրած հանրահավաքին:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:





























