«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում դեկտեմբերի 6-ին չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, փոխարենը դուրս գալ փողոց, գործադուլների, դասադուլների, անհնազանդությունների միջոցով հասնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:

«Ամբողջ գործընթացը պետք է մերժվի: Ինչպես պետք չէր գնալ ու բանակցել Սերժ Սագսյանի հետ, նույնկերպ պետք է չմասնակցենք հանրաքվեին: Մենք ասում ենք՝ չենք ճանաչում այս նախաձեռնությունը, ունենք այս գործիքը՝ անհանդուրժողական գործողությունների ցուցադրում: Մենք չենք պատրաստվում բռնություն կիրառել, մենք չենք պատրաստվում ցավ պատճառել մեր մնացած հայրենակիցներին: Մենք պետք է գործադուլներ, դասադուլներ, փողոցում հերթապահությունններ անցկացնենք»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրությանը պետք է նախապատրաստել այդ անհնազանդությանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի դիրքորոշմանը, որ պետք է մասնակցել հանրաքվեին ու «ոչ» ասել, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը հարգում է այդ դիրքորոշումը, բայց չի կիսում այն:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:

Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: