Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business 2016-ի վարկանիշում ԱՊՀ երկրների շրջանում առաջատարն է։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը, իսկ հետխորհրդային երկրներից նրանից բարձր հորիզոնականներ են զբաղեցրել Բալթյան երկրներն ու Վրաստանը, որոնք ԱՊՀ անդամ չեն։ Հայաստանը հայտնվել է Ճապոնիայի եւ Չեխիայի միջեւ։

«Իսկ դա նշանակում է, որ Կառավարության բարեփոխումները նկատելի են։ Այդուհանդերձ ակնհայտ է, որ վարկանիշում բարձր տեղն ինքն իրենով ներդրումներ չի երաշխավորում։ Առաջին հերթին այդ հարցը լուծում է մարդկային ռեսուրսը։ Դա ամենաթանկ ռեսուրսն է, իսկ փոքր երկրների համար՝ առավել եւս։ Շատ կարեւոր են ենթակառուցվածքների առկայությունը եւ ֆինանսական միջոցները»,- ասել է Ճշմարիտյանը։