Իրեն վհուկ կոչող Սալեմ քաղաքի (ԱՄՆ, Մասաչուսեթս) բնակչուհի Լորի Սֆորցան դատական հայց է ներկայացրել «աշխարհի ամենահայտնի հմայող» Քրիստիան Դեյի դեմ: Այս մասին գրում է Huffington Post-ը:

75-ամյա կնոջ խոսքով, 45-ամյա Դեյը հեռախոսով եւ սոցցանցերով վիրավորանքներ է հասցրել: Ըստ Սֆորցայի փաստաբան Ֆիորե Փորեքի, այդ հաղորդագրությունների պատճառով վհուկի խանութի հաճախորդների թիվը կտրուկ նվազել է:

Դեյի փաստաբանը չի մեկնաբանել իր պաշտպանյալի հասցեին գործընկերոջ հնչեցրած մեղադրանքները:

Ըստ Lenta-ի, Սֆորցան պայծառատես է, Սալեմի բնակիչներին ժանտախտից բուժած վհուկների ժառանգը: Նա նաեւ ղեկավարում է տեղական հեթանոսական տաճարը: Իսկ Դեյը Salem's Festival of the Dead փառատոնի հիմնադիրն է, որը քաղաքում անցկացվում է 2003 թվականից:

Դեյի դեմ Սֆորցայի գործով առաջին լսումները կայացել են հոկտեմբերի 28-ին: Դատարանում կողմերի հանդիպման արդյունքների մասին ոչինչ չի նշվում: