2016 թվականի մայիսի 1-ից Հայաստանում կբարձրանա ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի ակցիզը, ինչպես նաեւ այն կներդրվի հեղուկ գազի համար: «Ակցիզահարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 29-ի նիստում ընդունեց ձայների 86 «կողմ», 25 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մայիսի 1-ից:
Կառավարության ներկայացրած օրինագիծը քննարկվեց ամռանը, սակայն կտրուկ քննադատության արժանացավ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ուժերի պատգամավորների կողմից: Որոշվեց այն ընդունել առաջին ընթերցմամբ եւ վերամշակել աշնանը: Սակայն անցած ամիսներին պատգամավորները դրա շուրջ որեւէ առաջարկություն չներկայացրեցին:
Քննարկումների ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ հեղուկ գազի համար սահմանվելիք նոր հարկը կհանգեցնի տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, իսկ դա նշանակում է, որ կվերադառնանք 100 դրամի խնդրին, որը Երեւանում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ:
Նշենք, որ եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30%, բայց ոչ պակաս, քան 500 դրամ՝ 1 լիտրի դիմաց, ապա առաջարկվում է բարձրացնել 55%, բայց ոչ պակաս, քան 550 դրամ՝ 1 լիտրի դիմաց։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5.5 հազար դրամ՝ 1.000 տուփի դիմաց, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց, դիզվառելիքինը՝ 32.5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում. 8330 դրամ՝ հազար խ.մ.-ի դիմաց։





























