Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում հայերի ուղղությամբ կրակ արձակածներից մեկն ադրբեջանցի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի բաժանմունքի նախագահ Արկադի Դալարյանը:

Նրա խոսքով, ներկայում երկու ձերբակալված կա: «8 կասկածյալ կա, որոնցից 2-ն անմիջականորեն կրակ արձակողներն են: Մյուսները փախուստի են դիմել: Իրավապահները գիտեն, թե նրանք ովքեր են: Իրավիճակը վերահսկվում է»,- նշեց Արկադի Դալարյանը՝ հավելելով, որ հիմա գլխավոր խնդիրը ծանր վիչակում գտնվող տուժածներին օգնություն ցուցաբերելն է:

Քրեական ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, Բաշքիրիայի Սալավաթ քաղաքում: Անհայտ մարդկանց մի խումբ՝ դիմակներ հագած, մոտեցել է Սեվերնայա փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին ու կրակել յոթ մարդու ուղղությամբ: Հարձակման զոհ են դարձել տեղական գործարարն ու նրա ընկերները: Բոլորն էլ հիվանդանոցում են:

Տուժածների թվում են Ա.Ոսկանյանը, Տ.Ոսկանյանը, Ս.Գրիգորյանը, Մ.Մալոմյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ավետյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ակուլյանը (վերակենդանացման բաժանմունքում է): Ավտոսերվիսի տերը՝ Ա.Սարգսյանը, գլխին ստացած հրազենային վնասվածքից Սալավաթի քաղաքային հիվանդանոցում մահացել է: