Քաղաքացի Կառլեն Վ.-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում փաստացի չբնակվելու պայմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնից գրություն է ուղարկվել նույն բաժնի անձնագրային խումբ այն մասին, որ նա բնակվում է հիշյալ գյուղում:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վարդենիսի բաժնի աշխատակիցը, անձնական այլ դրդումներով, նախքան բաժնից համապատասխան փաստը հաստատող գրությունը ստանալը, առանց որեւէ հիմքի, Կառլեն Կ.-ի անձնագրում կատարել է նշում՝ հիշյալ գյուղում նրա փաստացի բնակվելու վերաբերյալ, որի հիման վրա Կառլեն Վ.-ն հաշվառվել է սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Այնուհետեւ Կառլեն Վ.-ին՝ որպես անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի, պետության կողմից վիրահատությունն անվճար կատարելու համար հատկացվել է 3 մլն ՀՀ դրամ գումար:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային խմբի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ տեւական ժամանակ` շուրջ 7 ամիս, կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: