Էգեյան ծովի արեւելյան հատվածում ներգաղթյալներով լի երկու նավակի խորտակումից հետո հույն փրկարարները ջրից 144 մարդ են հանել։ 21 մարդ զոհվել է, տեղեկացնում է հունական Protothema թերթը։
Առաջին միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Մեծ թվով ներգաղթյալներով նավակը շրջվել է Կալոլիմնոս եւ Կալիմնոս կղզիների մոտակայքում։ Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը դեպքի վայր է ուղարկել չորս սովորական նավ, մեկ Frontex նավ, Super Puma ուղղաթիռ եւ երեք ձկնորսական նավ, որոնք փրկարարական գործողություն են սկսել։ Փրկարարները ջրից 138 մարդ են դուրս բերել, վերջին տվյալների համաձայն, 18 մարդ զոհվել է։
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան՝ Ռոդոս կղզու շրջանում։ Փրկարարները կարողացել են ջրից վեց ներգաղթյալ հանել, երեք մարդ զոհվել է, եւս երեքը անհայտ կորած են համարվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։





























