Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նախորդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանքը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
«Կալանքը երկարացնելու հիմքը ներկայացնում են այն, որ անձը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար: Բայց համաշխարհային միջազգային իրավունքն անգամ չի ընդունում, որ անձին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելը հիմք է կալանքի տակ պահելու համար: Հայաստանի դեմ նման վճիռներ էլ կան եվրոպական դատարանի կայացրած»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:





























