ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է գյուղատնտեսության ու գյուղի հարցերին նվիրված միամսյակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վարդենիսի Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է Հայասատնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրան ուղեկցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման այս նոր կենտրոնը մեկն է այն երկու կենտրոններից, որ կառուցվել են Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարեւորագույն ոլորտներից մեկն է: Դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»,- ասաց դեսպան Միլսը:
Դեսպանի կողմից բացված Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը խորհրդատվական ու բիզնեսի հետ կապված աջակցություն կցուցաբերի անասնաբույժներին, ֆերմերներին եւ ագրոբիզնեսի ներկայացուցիչներին՝ անասնաբուժության ու անասնաբուծության հարցերում:
Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի Գեղարքունիքի մարզի 7 համայնքների 2000-ից ավելի ֆերմերների։ Կենտրոնի հիմնադիրները հավատացած են, որ խորհրդատվական ծառայությունների արդյունավետ համակարգը կօգնի անցում կատարել ռեսուրսատար գյուղատնտեսությունից դեպի նոր տեխնոլոգիաների շուրջ կառուցված գյուղատնտեսություն, ինչը կհանգեցնի արտադրողականության բարձրացման ու եկամուտների ավելացման:
Սա երկրորդ նմանատիպ կենտրոնն է, որ հիմնվել է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» (DPESSA) երկամյա ծրագրի ներքո, որը մեկնարկել է 2014թ. փետրվարին: Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ նպատակ ունի հզորացնել գյուղական համայնքները՝ օգնելով վերհանել տնտեսական աճի առկա հնարավորություններն ու ձեւավորել այնպիսի հմտություններ, որոնք թույլ կտան առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից:
«Մենք չենք կարող մոռանալ, որ Հայաստանի տնտեսական աճի խոշորագույն շարժիչներից մեկը հենց այնպիսի գյուղական համայնքներն են, ինչպիսին է Վարդենիսը, - ասաց դեսպան Միլսը, - ուստի առաջիկա մեկ ամսում դեսպանությունը կփորձի ներկայացնել գյուղատնտեսության նախարարության, հայ ֆերմերների, տեղական պաշտոնյաների հետ մեր բազմակողմ աշխատանքն ուղղված գյուղի զարգացմանը: Որպես գործընկեր մենք այստեղ ենք ապահովելու գիտելիքներ, հմտություններ, գործիքներ ու ռեսուրսներ, որ անհրաժեշտ են ջանասեր հայ ֆերմերներին՝ տեղական սպառման համար սննդամթերք ապահովելու եւ տեղական ու տարածաշրջանային շուկաներում մրցունակ լինելու համար»:
Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ներկայացուցիչներ համայնքից:





























