Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններից հետո մինչ նոյեմբերի 1-ի ընտրությունները ընկած հատվածում նախագահ Էրդողանին հաջողվեց Թուրքիան վերածել քաոսի։ Նման տեսակետ, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագորղների հետ հանդիպմանը հայտնեց Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս 3 ամսվա ընթացքում կարողացավ թուրքերի ու քրդերի միջեւ հարաբերությունները հասցնել ծայրահեղ թշնամանքի, որի օրինակներն էին, երբ փողոցներում քրդի արտաքինով մարդկանց էին ծեծում, քարկոծում քրդաբնակ շրջանների պետհամարանիշերով մեքենաները, հրդեհում քրեդրին պատկանող խանութներն ու այլ հաստատությունները, նույնիսկ քրդերին վերացնելու կոչեր հնչեցին։
Իսպիրյանը շեշտեց, որ Էրդողանն անհաջողության է մատնվել արտաքին քաղաքականության մեջ։ «Էրդողանն ամբողջովին խայտառակվեց արտաքին քաղաքականության մեջ։ Նա մեծ ռեսուրսներ էր ներդրել Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու համար, սակայն Ռուսաստանի մուտքը Սիրիա այդ ամենը զրոյացրեց։ Սիրիայում Ռուսաստանի հայտնվելը խաղից դուրս թողեց Թուրքիային»,-շեշտեց Իսպիրյանը։
«Պետք է առանձնացնել նաեւ տնտեսական գործոնը։ Թուրքիայում այս ժամանակահատվածում տնտեսությունը ծանր իրավիճակում է հայտնվել։ Թուրքական լիրան արժեզրկվել է մոտ 20 տոկոսով, ավելացել է գործազրկությունը, իսկ արեւելյան հատվածներում, որտեղ հիմնական բնակչությունը քրդեր են, տուրիզմը զրոյական վիճակում է հայտնվել։ Արեւելյան շրջանների տուրիստական կենտրոն համարվող Վանում տուրիստական պիկ սեզոն համարվող ժամանակահատվածում հյուրանոցները դատարկ են եղել, երբ նախկինում ունենում էին մինչեւ 100 տոկոս զբաղվածություն»,-ամփոփեց Իսպիրյանը։




























