Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքին։

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ անձնական պատճառներով գտնվում է Միացյալ Նահանգներում, նոյեմբերի կեսերին կվերադառնա եւ ակտիվորեն մասնակցելու է ընդդիմության ակցիաներին «Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ «Նոր Հայաստանի» խորհրդի անդամ է։ Բնականաբար մասնակցելու է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարցին, թե մասնակցելու է արդյոք առաջին նախագահը նոյեմբերի 20-ին կայանալիք հանրահավաքին, պատասխանեց հարցով. «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում էլ նա նշել էր. «Հաջորդ հանրահավաքին կարող եք սպասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Սպասեք»։

Զուրաբյանը նաեւ հաստատեց, որ Հայ ազգային կոնգրեսն ավելի ակտիվ մասնակցություն է ունենալու «Ոչ»-ի ճակատի ակցիաներին՝ իրենց փորձով օգնելով «Չեք անցկացնի» նախաձեռնության ակտիվիստներին։ Հաջորդ հանրահավաքն արդեն ընդդիմության միասնական նախաձեռնած ակցիան է լինելու։

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի  ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: