Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից մահացած 38-ամյա Հարություն Հակոբյանը, որը հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է, ունի 2 անչափահաս երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը: Նա նշեց, որ Հարություն Հակոբյանն ապրում էր կնոջ, երեխաների եւ ծնողների հետ:
«Շատ ենք ցավում, որ այսպիսի դեպք եղավ: Ծանր ապրող ընտանիք էր, հազիվ ծերը ծերին էին հասցնում: Խնամքին էլ 2 անչափահաս երեխա ուներ: Ծնողների միակ զավակն էլ ինքն էր»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալ: Հարություն Հակոբյանը հոկտեմբերի 30–ին հիվանդանոցում մահացել է։





























