Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական օդանավի օդաչուն թռիչքից հետո տեխնիկական անսարքությունների պատճառով երթուղու փոփոխություն եւ Կահիրեի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում իր աղբյուրները։

«Թռիչքից հետո ինքնաթիռի օդաչուն կապ է հաստատել դիսպետչերի հետ եւ հաղորդել տեխնիկական անսարքությունների մասին։ Նա երթուղու փոփոխություն եւ Կահիրեի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն է խնդրել, ինչից հետո կապն ընդհատվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ «Ռոսավիացիայում» «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել էին, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 06։21-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ «Յաում 7»-ի տեղեկություններով՝ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում արդեն հայտնաբերվել են կործանված ռուսական քաղաքացիական օդանավի մնացորդները։