ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է  91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը կատարած անձի ինքնությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կասկածյալը ձերբակալվել է, վերջինս 16-ամյա մի երիտասարդ է, որը հարցաքննվել է եւ նկարագրել դեպքի հանգամանքները:

Վ. Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։

Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը.

Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի:

Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։