Սինայում կործանված ռուսական օդանավն ամբողջովին ավերվել է, ուղեւորների մեծ մասն ամենայն հավանականությամբ զոհվել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող անվտանգության ծառայության ներկայացուցչին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավը վայր է ընկել Սինայի թերակղզու կենտրոնում։ Վատ եղանակային պայմանների պատճառով փրկարարները կործանման վայր հասնելու դժվարություններ ունեն։ Աղբյուրը նշել է, որ զոհերի մարմինները եւ կենդանի մնացածները կուղարկվեն Կահիրե։

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որով հաստատել է ռադարների էկրաններից ռուսական օդանավի անհետանալու փաստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։