Ազատամարտիկ, 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանը, որը  «Վարդաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալ Երանուհի Թումանյանը, նշելով, որ հոկտեմբերի 30-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Վոլոդյա Ավետիսյանին: Նա նշեց, որ հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա առայժմ հացադուլից դուրս գալու մտադրություն չունի:

«Վոլոդյա Ավետիսյանն հացադուլ է  հայտարարել, որովհետեւ անկախ հանձնաժողովի կողմից արդեն երկրորդ անգամ մերժում է ստանում առանց պատճառաբանման: Նա բարձրաձայնում է ոչ միայն իր, այլեւ այն դատապարտյալների խնդիրները, որոնք նույն խնդիրն ունեն: Խնդիրը պահելու ենք ուշադրության տակ, կրկին կայցելենք նրան՝ համոզվելու, որ առողջականի հետ կապված  խնդիրներ չունի »,-ասաց Թումանյանը:

Երանուհի Թումանյանը նաեւ տեղեկացրեց, որ բոլոր փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո կդիմեն Անկախ հանձնաժողով՝ հասկանալու մերժման պատճառները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղակետ ազատելու հայցը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: