Հայաստանում անհրաժեշտ է արդյունաբերական էկոհամակարգեր ստեղծել: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի  31-ին, լրագրողներին ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Անհրաժեշտ է, որ իրենց հետեւից թափոններ թողնող արդյունաբերական ձեռնարկությունների շուրջը ստեղծվեն դրանք վերամշակող գործարաններ:  Նման բնապահպանական արդյունաբերական գոտիների համար կառավարությունը պիտի հարկային արտոնություններ տրամադրի եւ ավելի մատչելի դարձնի վարկերը, ասել է Դանիելյանը: 

Բնության պահպանության հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը պետք է դեռեւս դպրոցական տարիքից զարգացնել, հավելել է նա: Այսպես, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Բնապահանության եւ կայուն զարգացման ամբիոնը Կրթության նախարարությանն է դիմել բարձր դասարանցիներին անհրաժեշտ ուսումնական ծրագիր մշակելու առաջարկով: 

«Սկզբում մեզ մերժեցին, հետո կրթության նախարարի սկզբունքային համաձայնությունը ստացանք: Այժմ պիտի մանրամասն ուսումնական ծրագիր մշակենք», - ասել է նա: