Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը փորձել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին փրկել «ստորացումից»: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը: Այս տեղեկությունը հայտնի է դարձել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ վերջերս Պետքարտուղարության կողմից հրապարակված նամակագրությունից:
2011 թվականին Մերձավորարեւելյան քառյակում հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Բլերը Քլինթոնին խնդրել է չստորացնել Քադաֆիին: Նա նշել է, որ Լիբիայի առաջնորդի «աջ ձեռքը» խելամիտ մարդ է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, խոսքը կա՛մ Լիբիայի նախկին ԱԳ նախարար Մուսա Կուսսեի, կա՛մ լիբիական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդուլլա Սենուսիի մասին է:
Պարբերականը ներկայացնում է Բլերի՝ 2011 թվականի օգոստոսի 9-ին Քլինթոնին ուղղված նամակը. «Ինձ զանգահարեց Քադաֆիի «աջ ձեռքը»: Նա հարցնում էր առաջընթացի մասին (հակամարտության կարգավորման իրավիճակի հարցում - խմբ.): Ասաց, որ հարցնում է Ք.-ի (Քադաֆի) անունից: Ես ասացի, որ Ք.-ն պետք է ինչ-որ մեկին նշանակի բանակցություններ վարելու համար, եւ եթե նա անի դա, ես կփոխանցեմ մեր կողմին եւ կտեսնենք, արդյո՞ք բանակցությունների հնարավորություն կա...»:
«Կարծում եմ, որ Դուք, ընկերներ, պետք է Ձեր կողմից ինչ-որ մեկին նշանակեք եւ ստանձնեք այս գործը: Ք.-ի մարդը խելամիտ է եւ իսկապես նրա (Քադաֆիի) ուշադրությանն է արժանանում: Կարծում եմ, որ հենց Ք.-ն է թույլ տվել դա անել»,- տեղեկացրել է Բլերը:
Ավելի վաղ՝ 2011 թվականի մարտի 3-ով թվագրված նամակում Բլերը հայտարարել է, որ Քադաֆին հրաժարվում է իր հետ խոսել, քանի որ կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը դավաճանել է իրեն՝ կոչ անելով հրաժարական տալ: Սակայն, Բլերի կարծիքով, Քադաֆին կհամաձայներ երկխոսության, եթե խնդիրն առանց ստորացման լուծելու միջոց լիներ:





























