Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անկեղծորեն երախտապարտ է ամենատարբեր մարդկանց ցավակցությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Ավիաաղետի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մտերիմներին ցավակցություն եւ աջակցություն հայտնելու համար ՌԴ դեսպանատուն են եկել եւ հասարակ մարդիկ, եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ խոհրդարանի անդամներ:
Այսօր եւս շատ մարդ է եկել, այդ թվում նաեւ՝ դիվանագիտական կորպուսից: Հենց այսօր դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել, հավելել է նա:
«Ես անկեղծորեն երախտապարտ եմ նրանց, ովքեր եկել էին դեսպանատան մոտ եւ դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու», - հայտնել է Ռուսաստանի դեսպանը:
Կոգալիմավիա ընկերության Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Եգիպտոսի Սինայի թերակղզում: Զոհվել է 224 մարդ, մեծամասնությունը՝ տուն վերադարձող զբոսաշրջիկներ:





























