Հայաստանի կառավարությունը 2016-ին մոտ  30,2 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցներ կստանա (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 64 մլն դոլար- ծ.խ.): Այդ մասին ասվում է  2016-ի պետբյուջեի մեկնաբանություններում, որը նոյեմբերի 2-ին սկսել են քննարկել խորհրդարանում: 

Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակում Հայաստանը Եվրամիությունից   24 մլն եվրոյի (13 մլրդ դրամի) դրամաշնորհներ կստանա առանց նպատակային նշանակության:

Մնացած՝ նպատակային դրամաշնորհների ծավալը կկազմի 35,6 մլն դոլար կամ   17,2 մլրդ դրամ:

Այդ թվում, Եվրամիության նպատակային դրամաշնորհների ծավալը կկազմի  9,1 մլն դոլար կամ 4,4 մլրդ դրամ:

Հայկական ՀԷՑ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ՌԴ-ից ստացվելիք դրամաշնորհը կկազմի 8 մլն դոլար (3,9 մլրդ դրամ):

Գերմանական զարգացման բանկի (KfW)  շրջանակում աջակցությունը կկազմի  (KfW) 7,4 մլն դոլար (3,6 մլրդ դրամ):

Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կստացվի  5,4 մլն դոլար (2,6 մլրդ դրամ):

Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհը, ի հավելումն «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու վարկային  3-րդ տրանշի, կկազմի  2,6 մլն դոլար (1,2 մլրդ դրամ):

Դանիայի կառավարության կողմից ստացվելիք աջակցությունը «Ֆերմերներին աջակցելու համար գյուղական հնարավորությունների ստեղծում» ծրագրին կկազմի  1,9 մլն դոլար (0,9 մլրդ դրամ):

Հայաստանի կառավարությանը տրվելիք մնացած դրամաշնորհների ծավալը կկազմի  1,2 մլն ամերիկյան դոլար (0,6 մլրդ դրամ):