Հայաստանի ղեկավարությունը հետեւողական է Ռուսաստանի հետ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության մասին ապագա համաձայնագրի ստորագրումը:
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, դա նորմալ միջազգային պրակտիկա է: «Մենք այստեղ որեւէ սպառնալիք չենք տեսնում: Ես բացարձակ վստահ եմ, որ ժամանակի փորձություն անցած մեր բազմադարյա եղբայրությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի, ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ փոխըմբռնումն արտաքին գործոնների հետեւանքով որեւէ փոփոխության չի ենթարկվի»,- ընդգծեց Վալենտինա Մատվիենկոն:
Ըստ նրա, դրանում շահագրգռված է ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովուրդը: «ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ամենեւին չի արգելում երկրին համագործակցություն զարգացնել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ: Վստահ եմ, որ Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը, բնականաբար, վնաս չի հասցնի այն համակարգերին, որոնք արդեն գոյություն ունեն եւ որոնց հարցում Հայաստանը հետաքրքրված է»,- հավելեց Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ-պետությունների ԱԳ նախարարները մանդատ տրամադրեցին Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար՝ հաշվի առնելով ԵՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Նախատեսվում է Հայաստան-ԵՄ բանակցությունները սկսել մինչեւ այս տարեվերջ:





























