Եվրասիական տնտեսական միության ներսում հաշվարկներում ռուբլու անցնելու մասին Հայաստանի վարչապետի առաջարկը ճիշտ է, բայց այն չի կարող շատ շուտ իրականացվել: Նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով, իսկապես հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները, առեւտրային կապերի հետագա ընդայնումը, տարբերակումը չպետք է կախված լինեն ազգային արժույթի փոխարժեքից: «Դրանք չպետք է որեւէ կերպ կախված լինեն նաեւ դոլարի փոխարժեքից: Իհարկե, կատարյալ տարբերակ կլիներ, եթե մենք հաշվարկներում անցնեինք ազգային արժույթների: Առաջարկությունը ճիշտ է, բայց այն չի կարող արագորեն իրականացվել»,- նշեց Վալենտինա Մատվիենկոն:

Նա ընդգծեց, որ հարկավոր է աստիճանաբար շարժվել այդ ուղղությամբ: «Եվ եթե այդ հարցում բոլոր կողմերը շահագրգռված լինեն, կարծում եմ, հնարավոր կլինի հասնել այդ նպատակին: Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ: Ես սատարում եմ Հովիկ Աբրահամյանի առաջարկը»,- հավելեց ռուսաստանցի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում կայացած ԵՏՄ պետությունների կառավարության ղեկավարների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Միության երկրներին առաջարկել էր ռազմավարական ապրանքների առեւտրում հաշվարկները ռուբլիով կատարել՝ հրաժարվելով դոլարից: