Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացած ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի վիճակում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Դրական արդյունքներ ունենք, լիարժեք ապաքինման համար, սակայն, երկարատեւ բուժօգնություն է անհրաժեշտ»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ դեռեւս պարզ չէ, թե Գայանե Մկրտումյանը երբ կենթարկվի երկրորդ վիրահատության:

Վրաերթից տուժած Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ են ստացել, որոնց պատճառով Մհեր Մկրտումյանը հոկտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:

Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից:

ՀՀ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը  եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ: