Ադրբեջանը վախենում է Իսրայելում դեսպանություն բացել: Այս մասին իսրայելական Jewish Journal պարբերականը գրել է Բաքվի եւ Թել Ավիվի հարաբերություններին նվիրված հոդվածում: Հրեական համալսարանի Միջին Ասիայի եւ Կովկասի մասնագետ Զեեւ Լեւինի խոսքով, դա կարող է Ադրբեջանին բազմաթիվ մահմեդական երկրների համակրանքն արժենալ, որոնց աջակցության կարիքը Բաքուն ունի ղարաբաղյան հարցում:

Իսկ Իսրայելը մի շարք պատճառներով գոհ է Ադրբեջանի հետ հարաբերություններից: Դրանցից գլխավորը Բաքու-Ջեյհան նավթատարով շուրջ 40% նավթի ներկրումն է, որի փոխարեն այդ երկրին ռազմական տեխնիկա է մատակարարում: Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելին անհրաժեշտ է որպես հենակետ Իրանի դեմ:

Իսկ Ադրբեջանը, ըստ պարբերականի, Իսրայելի հետ միության արդյունքում ԱՄՆ-ի հրեական լոբբիի աջակցությունն է ստանում, որը հակազդում է հայկական ջանքերին:

Ամեն դեպքում, Իսրայելը, ինչպես արտաքին քաղաքական այլ ուղղություններում, առաջին տեղում դնում է realpolitik-ը՝ Ադրբեջանի հետ փոխշահավետ համագործակցություն վարելով եւ չմտածելով այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին: