Երգչուհի Աիդա Սարգսյանն իր մոր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին։ NEWS.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր մորը բժիշկներն առանց իր գրավոր համաձայնության գաստրոսկոպիա են արել, որի ընթացքում էլ վնասել են անոթը եւ նա արնաքամ է եղել։

«Անգրագետ բժիշկները մորս ողնաշարն ուղղելու փոխարեն ստամոքսի խոց առաջացրին: Վերջերս  կրկնակի անալիզներ հանձնեցինք, ամեն ինչ մաքուր էր։  Ողնաշարը ցավում էր, բայց անցած տարի վերականգնել էինք ուժերը, որ կարողանար քիմիաթերապիա անցնել։ Մայրիկս նորից գնացել էր բժիշկների մոտ՝ մտածելով, որ կկարողանան ուժերը վերականգնել, այդ ժամանակ բժիշկներն արյուն են տեսել, բայց ոչ մի բան չեն ձեռնարկել, մտածում էին, որ ողնաշարի խնդիրն ա, բան չէին անում»,- ասաց Աիդա Սարգսյանը:

Աիդա Սարգսյանի խոսքով` իր մորը բուժող բժիշկն առանց անալիզներ վերցնելու, իրեն ասել է, որ  ձեռքով  շոշափել եւ  զգացել է, որ մոր լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը եւ ներքին օրգանները քայքայված են։

«Դիմեցի այլ բժշկի, ասաց, որ ձեռքով շոշափելով հնարավոր չէ հաստատել, որ մետաստազ է, ու ասաց, որ անպայման անալիզներ հանձնել է հարկավոր։ Հետո պարզվեց, որ մայրիկիս մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել է պետք։ Մինչ այդ մայրս գիշերը մնում էր հիվանդանոցում, որտեղ ինչ-որ անոթները բացող սիստեմաներ են միացրել, որից հետո զանգեցին, ասացին ձեր հիվանդը մահամերձ է։ Մենք ճարեցինք առաջին բացասական խմբի արյունը, որից հետո մայրս հաջորդ օրն իրեն շատ լավ էր զգում, չէր արյունահոսել»,-ասաց Աիդա Սարգսյանը։

Երգչուհու խոսքով՝ ավելի ուշ բժիշկները պնդել են, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, եւ շատ պնդելուց հետո, առանց որեւիցե թղթաբանության, երգչուհու մորը գաստրաստկոպիա են արել, որին երգչուհին դեմ է եղել՝ համոզված լինելով, որ մայրը դրան չի դիմանա։

«Ինձ ասացին, որ լավ մասնագետ ունեն,  գաստրոսկոպիայից հետո ամեն ինչ լավ կլինի, բայց հակառակը եղավ: Մինչեւ գնացինք նոր արյուն բերեցինք, տեսա, որ մայրիկիս նոր պալատ են տեղափոխում, ասացին, որ շատ վատ է։ Պարզվեց, որ ինչ-որ անոթ են ծակել, դրանից է արնահոսել է, ավելի ուշ մահացել: Դիահերձումից հետո պարզեցի, որ մետաստազ չի եղել, եղել է արյունահոսություն, անոթների վրա խոցային հանգույցներ է եղել, արյունաքամ է եղել»,-պատմեց երգչուհին:

Աիդա Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի բժիշկները պատասխանատվության ենթարկվեն:

«Մի հատ հանգիստ մամայիս ճամփեմ, բոլոր անալիզներով պարզելու եմ, որ ոչ մի մետաստազ չի եղել, գաստարոսկոպիան անհրաժեշտ չի եղել, բժիշկները միայն էքսպերիմենտ են արել մամայիս վրա։ Ամեն ինչ անելու եմ, որ մեղավորները պատժվեն։ Ես գիտեմ, որ մենք ԱՄՆ-ում չենք, որ հաջողության հասնենք, բայց ես կթքեմ իրենց վրա, կթքեմ մի այլ ձեւի  ու էս ցավը, որ ինձ տվեցին ու իմ մոր կյանքի հետ խաղացին, իրենց ցեղի գլխին է գալու: Ես կապացուցեմ, որ բժիշկներն են սպանել մորս»,-ասաց Աիդա Սարգսյանը։

Նշենք, որ Աիդա Սարգսյանի մայրը մահացել է նոյեմբերի 1-ին, հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։