Ֆրանսիացի հրշեջները 15 ապօրինի ներգաղթյալի մահից են փրկել: Անօրինական ուղեւորներով լի բեռնատար-սառցարանը հայտնաբերել են նոյեմբերի 3-ին, երկրի հյուսիսում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին:
Առավոտյան Ուազա դեպարտամենտի հրշեջ-փրկարարական ծառայության հերթապահ մասում զանգ են ստացել: «Նա հազիվ լսելի ձայնով անգլերեն խոսող տղամարդ էր: Նա գրեթե շնչահեղձ էր լինում եւ չէր կարող հստակ ասել, թե որտեղ է գտնվում»,- պատմել են հրշեջները:
Բեռնատարը գտել են Ռեսոն սյուր Մա բնակավայրի ճանապարհամերձ կայանատեղիում: «Կոտրելով բեռնատարի թափքի դռները՝ փրկարարներն այնտեղ արկղերի արանքում 15 սառած միգրանտի են հայտնաբերել»,- նշել են փրկարար ծառայությունում:
Տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար տեղում դաշտային բուժկետ են բացել, այնուհետեւ նրանց տեղափոխել հարեւան քաղաքների հիվանդանոցներ: Բեռնատարի վարորդին ձերբակալել են՝ հետագա պարզաբանումների համար:





























