Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Հայաստանի կողմից խաղաղ ձգտումների ցուցաբերում: Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մուրադ Մերջանը՝ հավելելով, որ առանց դրա միջազգային կազմակերպությունների բոլոր փորձերը ապարդյուն կլինեն:
Խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին՝ Մուրադ Մերջանը նշել է, թե Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է մնացել եւ բարձրաձայնվել է նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարի կողմից: «Մեր դիրքորոշումը հստակ է: Քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, չեն ազատվել Ադրբեջանի օկուպացված տարածքները, Թուրքիան մտադիր չէ քննարկել Հայաստանի հետ սահմանի բացումը: Ժամանակ առ ժամանակ հայկական մամուլում սպեկուլյացիաներ են արվում: Թուրքիան այդ պայմաններում որեւէ փոփոխություն չի մտցրել»,- ասել է թուրք պատգամավորը:
Մերջանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որ հայտնի էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անունով, մոռացության չի մատնվել: «Ամեն ինչ կախված է Հայաստանի կողմից Թուրքիայի հնչեցրած պայմանների կատարումից; Եթե այդ պայմանները իրականացվեն, բնականաբար, Թուրքիան կվերադառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Առաջին հերթին, դա վերաբերվում է օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրմանը»,- նկատել է նա:




























