«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին եւ հայտնաբերվել նոյեմբերի 2-ին, դեռեւս աշխատանքի չի գնացել ու ամենայն հավանականությամբ երբեք էլ չի գնա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատողները։
«Գիտենք, որ հայտնվել է, բայց դեռ գործի չի եկել ու չի էլ գա երեւի»,-ասաց Նելլի Հարությունյանի գործընկերներից մեկը։
«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները տեղյակ չեն` Նելլի Հարությունյանի մոտ ոսկյա զարդեր եղել են, թե ոչ։
«Էդ մենակ իրենից կարող եք իմանալ։ Հնարավոր է` եղել են, հնարավոր է` ոչ։ Կարող էր վերցնել, սեյֆի բանալիներն ինքն ունի։ Կարող էր հանգիստ բացել, վերցնել, տանել, կամ տեղը չդնել։ Ոստիկանները կպարզեն»,-ասաց աշխատակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:
Առեւտրի կենտրոնի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ 38-ամյա Նելլի Հարությունյանն օգոստոսի 21–ին իր ունեցած ոսկեղենը ամեն օրվա պես տուն գնալուց առաջ դրել է հատուկ նախատեսված չհրկիզվող պահարանը եւ հեռացել։ Շենքից դուրս գալուց հետո նա անհետացել էր:
Սեպտեմբերի 1-ին քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը, իսկ սեպտեմբերի 12-ին քրգործը վերաորակվել էր սպանության հոդվածով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել էին Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ: Նոյեմբերի 2-ին ոստիկանություն ներկայացած Նելլի Հարությունյանը հարցաքննվել է եւ հայտնել , որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը, ամբողջ ժամանակ եղել է Արցախի գյուղերից մեկում։





























