Ոստիկանության Վաղարշապատի բաժնում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 09:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, կապկպել տան բնակիչներին, թալանել տունը, ապա դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել Վաղարշապատի քննչական վարչության եւ ոստիկանության բաժնի աշխատակիցները: Ճշտվում են հասցված վնասները եւ դեպքի հանգամանքները:
Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասով։





























