Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված օդանավի անձնակազմի 4 անդամները մինչեւ 2014թ.-ն աշխատել են «Էյր Արմենիա» ավիաընկերությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության տնօրենի՝ թռիչքային գծով տեղակալ Վարդգես Ավետիսյանը:

«2014թ.-ին վարչությունն արգելեց Հայաստանում ԱՆ 12 տիպի ինքնաթիռների շահագործումը, անձնակազմը մնաց առանց աշխատանքի եւ պայմանագրային հիմունքներով սկսեց աշխատել այլ ընկերություններում»,- ասաց Վարդգես Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ անձնակազմի անդամները՝ Գեւորգ Թովմասյանը, Սամվել Համբարձումյանը, Սուրեն Պետրոսյանն ու Սամվել Մկրտչյանը փորձառու մասնագետներ էի, լավ պատրաստված:

«Օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը փորձառու, հմուտ օդաչու էր, գրագետ, լավ պատրաստված: Սամվել Համբարձումյանը նույնպես մեր հին աշխատողներից էր, փորձառու էր, տարբեր տիպի օդանավեր վարելու մեծ փորձ ուներ: Նույնը կարող եմ ասել Սամվելի եւ Սուրենի մասին»,- ասաց Վարդգես Ավետիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը  NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ԱՆ-12 օդանավը հայկական գրանցում չունի, եւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաթիռ չունեն։

Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովն իր հերթին նշել էր, որ կործանված օդանավը պատկանում էր Ala International LTD հայկական ընկերությանը, բայց նախկինում այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ընկերության ռեեստրում։

NEWS.am-ի տեղեկություններով՝ օդանավը պատկանել է «Տարոն ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավի անձնակազմում են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը