Կրկնակի քվեարկությունից խուսափելու նպատակով մատները թանաքոտելու ԱԺ հինգ խմբակցությունների առաջարկին անկախ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը  դեմ է, հայտարարում է՝ լավ գաղափար չէ։  Թե այդ գաղափարը մասնավորապես ինչպես կանդրադառնա ընտրական գործընթացի վրա, Մարուքյանը մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում։

Պարոն Մարուքյան, ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ մատը թանաքոտելու միջոցով կարելի է կանխել կրկնակի քվեարկությունը: Ինչո՞ւ եք դեմ այս առաջարկին:

Ես ասել եմ՝ լավ գաղափար չէ՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ինքս մեծամասնականով ընտրված եմ ու գիտեմ՝ մարդկանց ինչն է ընտրության բերում, ինչը չի բերում։ Երբ իշխանությունն իր ընտրողներին բերում է ընտրատեղամասեր՝ ադմինիստրատիվ ռեսուրսով, փողով, տարբեր մեթոդներով, ընդդիմադիր ձայները գալիս են՝ հավանելով ծրագրերը, իշխանության դեմ քվեարկելու համար, ինչ որ բան երկրում փոխելու համար, ու էս մարդիկ, ըստ էության, իրենց ընտրական իրավունքը իրականացնելիս, երբ բախվում են նոր խոչընդոտների, նրանք ուղղակի չեն գնա ընտրությունների։ Ընտրության մասնակցության տոկոսն սկսում է ընկնել։ Ու եթե թանաքոտումը մտնի, դա կարող է խնդիր առաջացնել։

Այսինքն, կարծում եք՝ մարդիկ չե՞ն գնա ընտրության։

Այո, կարող են չգնալ ընտրությունների, որ իրենց մատները չթանաքոտեն, որովհետեւ դա անձնական մոտեցման հարց է։ Ես ինքս որպես մարդ, որպես քաղաքացի լավ չեմ վերաբերվում։

Ի՞նչ հիմք ունեք նման պնդում անելու: 

Ես խոսել եմ քսան քաղաքացու հետ՝ տարբեր մակարդակի, տարբեր զբաղմունքի։ Իգական սեռը միանշանակ ասել է՝ չեն գնա, արական սեռն էլ՝ շատ դժկամությամբ։ Դրա համար պետք է  ուսումնասիրություններ կատարել։

Ինչո՞ւ պիտի դա խոչընդոտ լինի իգական սեռի համար։

Դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, ավելի լավ գիտեք։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։

Ձեզ ծանոթ իգական սեռի այդ ներկայացուցիչները ի՞նչ են ասել, ինչո՞ւ չեն գնա ընտրության։

Որովհետեւ մարդիկ պարտավոր չեն գնալ ընտրության, դա իրենց իրավունքն է, իսկ իրենք չեն ցանկանում իրենց իրավունքն իրացնելու ժամանակ հավելյալ ստուգողական միջոցառումների ենթարկվել։ Մինչդեռ ստուգելու եւ ընտրությունների արդյունքները վերահսկելու բոլոր տեսակի մեխանիզմները առկա են։ Մարդկանց մասնակցության տոկոսը կարող է նվազել.նրանք  լինելու են ընդդիմադիրները, ընդդիմությանը, ինձ ձայն տվող մարդիկ, իսկ իշխանությանը ձայն տվողները գնալու են, որովհետեւ իրենց տնօրենը մի տողով շարելու է ու ասելու է ՝ մատները ցույց տվեք, ով չի գնացել ընտրությունների։

Բայց  մատների վրա դրոշմված չէ՝ ով է իշխանությանը ընտրել, ով՝ ընդդիմությանը, այդ նույն ձեւով անձնագրերի դրոշմակնիքը կարող են ստուգել: 

Ոչ, եթե ընտրողը հասավ տեղամաս,  ավելի շատ է հավանականությունը, որ նա կկատարի իր ղեկավարի հանձնարարությունը...Ես ասում եմ՝ լավ գաղափար չէ, դա կարող է ազդել ընտրողների մասնակցության տոկոսի վրա, ավելին՝ կարող է ընդհանրապես չբխել ընդդիմադիր քվեարկողի շահերից։ Իմ մտավախությունը սա է։ Բայց եթե նախագիծը գա խորհրդարան, ընդունվի, ես չեմ ընդդիմանա։ Ընտրական օրենսգրքով հանրաքվեի տեղամասային հանձնաժողովում այսօրվա ընդդիմությունը խմբակցություններից ունի հինգ մարդ, այդ հինգ մարդը կարող է ունենալ հինգ վստահված անձ, եղան տասը մարդ։  Մի հոգի  Հանրապետականից, երկու հոգի ԸԸՀ-ից, եղավ երեք մարդ, մի հոգի ՀՀԿ-ն կարող է ունենալ վստահված անձ, եղավ չորս մարդ։ Այսինքն՝ այսօրվա հանձնաժողովում տասը չորսի դեմ է, եթե այդ մարդիկ իրական ընդդիմադիրներ են, հսկողության ամբողջ մեխանիզմները կան, պետք չի մարդկանց մատները տանել թանաքոտել։ Ավելին, եթե հանձնաժողովների նկատմամբ վստահություն չկա, եթե մեկը գա մատը մի քանի անգամ թանաքոտի, հանձնաժողովն էլ աչք փակի դրա վրա ու ասի՝ ոչինչ, մատդ դիր թանաքի մեջ, ի՞նչ է փոխվելու։ Նույն անդամները կարող  են նայել՝ ընտրողը ինչպես է քվեարկում։

Բայց դուք չհիմնավորեցիք, թե ընդդիմադիրներն ինչու պիտի չգնան  ընտրության։

Որովհետեւ ընդդիմադիր մարդիկ որեւէ մոտիվացիա չունեն ընտրության գնալու։ Իրենց փող տվող չկա:Ես չեմ ասում՝ հարյուր տոկոսով վստահ եմ, ես ասում եմ՝ տոկոսը կգցի, էդքան բան։ Հիմա ներդրեք ու կտեսնեք՝ ինչքան մարդ կգնա, ու անպայման կտեսնեք, որ կընկնի ցուցանիշը, ընդդիմությունը քիչ ձայն կստանա։ Կան ընտրական փորձ ունեցող եւ ուղղակի խոսող մարդիկ։  Ես ռեալ ընտրական պրոցեսով անցած մարդ եմ, համամասնականով անցած չեմ ու գիտեմ՝ ինչ է ընտրությունը։ Համամասնական ընտրկաարգով անցածները ո՞ւմ են տարել ընտրելու, որ իմանան՝ ինչ է։ Իրենց կաբինետներում նստել են, ակտիվիստները գնացել, կազմակերպել են։

«Ոչ»-ի կողմնակիցները ինչո՞ւ թանաքոտելու պատճառով պետք է խուսափեն ընտրությանը մասնակցելուց, առավել եւս, որ դա ընդդիմության առաջարկն է։

Ընդդիմադիրները որեւէ մոտիվացիա չունեն  ընտրության գնալու, ոչ մեկին չեն հավատում, մի հատ էլ, որ իմանան՝ մատը պիտի թանաքոտեն գնալուց, հնարավոր է՝ զզվեն բոլորից եւ այդ հանրաքվեից էլ, ընտրությունից էլ ու չգնան ընտրության։Դուրս կգա՝ ադմինիստրատիվ ռեսուրսը կգնա, քանի որ իր մատից երեւալու է դա,  մինչդեռ այսօր կարող է չգնալ, այսօր ցանկացած մարզպետարանի աշխատող կարող է չգնալ ու ասել՝ ընտրել եմ, ոչ մեկ չի իմանալու, որ չի ընտրել։ 

Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում։

Ես առաջարկում եմ հանձնաժողովներում ներկայացնել  այնպիսի մարդկանց, ովքեր հսկողություն կիրականացնեն։

Իշխանությունն էլ է շեշտը դրա վրա է դնում որպես միակ ճանապարհ։

Որովհետեւ այս պահին ամենաարդյունավետ հսկողական մեխանիզմը դա է, ես այդպես եմ ընտրվել։

Զրուցեց Գայանե Սարիբեկյանը