Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի բորտինժեներ, 55-ամյա Սամվել Մկրտչյանի հարազատները համոզված են, որ առանց համոզված լինելու, որ օդանավը լիովին սարքին է, անձնակազմը թռիչք չէր իրականացնի։

NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Մկրտչյանի եղբորորդին՝ Տիգրան Մկրտչյանը, նշեց, որ ամենայն հավանականությամբ օդանավի հետ խնդիրներ են առաջացել կես ճանապարհին, որի պատճառով էլ ԱՆ 12-ի անձնակազմը որոշել է հետ դառնալ:

«Միշտ խոսել ենք հորեղբորս հետ, ինքն է ստուգել ինքնաթիռի վիճակը: Ասում էր՝ անհնար է, առանց ստուգելու` ինքնաթիռը պատրաստ է, թե ոչ, թռիչք իրականացնենք: Միշտ փորձել են հնարավորինս քիչ բեռներ տեղափոխել»,-ասաց Տիգրան Մկրտչյանը՝ հավելելով, որ հորեղբայրը երբեք չի դժգոհել օդանավի տեխնիկական վիճակից:

Զոհված օդաչուի եղբորորդու խոսքով՝ Սամվել Մկրտչյանը 30 տարի է՝ օդաչու է, 20 տարի չվերթներ է իրականացնել Հարավային Աֆրիկա, Իրաք, Աֆղանստան եւ այլուր:

Տիգրան Մկրտչյանը բացառեց, որ օդանավը կործանված լինի անսարքության հետեւանքով:

«Բոլորն էլ փորձված օդաչուներ են: Հնարավոր չէ, որ տեխնիկական խնդիրներ լինեին, եւ թռչեին: Ի վերջո, մարդկանց եւ իրենց կյանքերն են վտանգում: Եթե խնդիրներ լինեին, չէին թռչի: Սպասենք, կպարզվի, թե ինչն է եղել կործանման պատճառը»,- ասաց Տիգրան Մկրտչյանը, որն առաջինն է ռուսական լրատվամիջոցից տեղեկացել դժբախտ դեպքի մասին:

Զոհված Սամվել Մկրտչյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա եւ 2 թոռ:

Հիշեցնենք, որ 2015թ.  նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քաղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ: