Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբերգական վթարից մահացած 45-ամյա Հայկ Հովհաննիսյանը ընտանիքին չէր ասել, որ Հայաստան է գալիս, ուզում էր անակնկալ անել: Նրա հարազատներից Սամվել Ասատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հայկի ընտանիքի անդամները լրատվամիջոցներում են կարդացել նրա անունն ու իմացել պատահածի մասին:
«Կին ու երեխեք ունի՝ մի աղջիկ ու մի տղա: Տղան նոր է բանակից եկել, աղջիկն էլ 22 տարեկան է: Ահավոր վիճակում են հիմա, աղջիկն աընդհատ ուշագնաց է լինում, նույն էլ կինը»,- ասաց նա:
Հայկ Հովհաննիսյանը խոհարար էր, արդեն մի քանի տարի ՌԴ էր մեկնում արտագնա աշխատանքի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Երեւան են ժամանել Տուլայում վթարված ավտոբուսի 32 ուղեւորները, որոնցից մոտ 10-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























