Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով փաստաբան Արմեն Խաչատրյանը:
«Նյութերի ծանոթացման փուլում ենք»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:
Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը 2 ամիս անց ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքով տուժող Հարություն Զաքարյանին վնասվածք է հասցրել Յուրի Մանուչարյանը:





























